
Փարիզում ոսկերչական խանութի զինված կողոպուտ է կատարվել: Այն տեղի է ունեցել առանց որեւէ կրակոցի, ոչ ոք չի տուժել: Ըստ ոստիկանության տվյալների` փետրվարի 19-ի երեկոյան ատրճանակներով զինված երկու անձինք մտել են Փարիզի կենտրոնի De Beers ընկերության խանութ: Վերցնելով երկու ցուցափեղկերի զարդերը` նրանք խանութը լքել են հետնամուտքից, հայտնում է Agence France-Presse-ը: Կողոպտված թանկարժեք զարդերի ընդհանուր արժեքը գնահատվում է երեք միլիոն եվրո, գրում է lenta.ru-ն: Խանութը պատկանում է ալմաստի եւ ադամանդների վաճառքի աշխարհում առաջատար De Beers ընկերությանը: Աֆրիկայում ձեռնարկության հանքերում արտադրվում է աշխարհում արդյունահանվող ալմաստի շուրջ 40%-ը: Փարիզում խանութի կողոպուտը տեղի է ունեցել Բրյուսելի օդանավակայանում կատարվածից մեկ օր անց, երբ զինված կողոպտիչները թալանել էին ադամանդներով օդանավը: Կողոպտված ադամանդները 37 միլիոն եվրո, միաժամանակ Բելգիայի հեռուստատեսությունը հայտնել էր, որ այդ թիվը կարող է հասնել 350 միլիոն եվրոյի:
|