 «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող դարձավ ամենաշատ քանակությամբ հաղորդագրություններ հավաքած Մաշա Մնջոյյանը: Երկրորդ տեղում է Նարեկ Մակարյանը: «Հայաստանի ձայն»-ի եզրափակիչ գալա-համերգը լի էր անակնկալներով եւ նվերներով: Նրանք, ովքեր չհայտնվեցին առաջին հորիզոնականում, ստացան Galaxy Note պլանշետներ: Բոլոր չորս մասնակիցները ստացան Canon ֆոտոխցիկ: Ինչ վերաբերվում է հաղթողին, ապա նա ստացավ Galaxy S4 Smartphone, շրջագայության ուղեգիր դեպի Եվրոպա: Բացի այդ, նա առանց մրցույթային փուլերի կմասնակցի «Նոր ալիք» նախագծի կիսաեզրափակչին: Սակայն, իհարկե, ամենակարեւոր նվերը այն է, որ Մաշան կստանա Universal Music Group-ից արտերկրում մեկ սինգլի ձայնագրման հնարավորություն: Սկզբում մասնակիցները ելույթ ունեցան իրենց մարզիչների հետ, իսկ հետո հայտնվեցին ռուսական «The Voice» նախագծի հայազգի մասնակիցները՝ Գայանա Զախարովան, Էդվարդ Խաչանյանը, Արտյոմ Քոչարյանը եւ Մարգարիրա Պոզոյանը: Նշենք, որ 2012թ. նոյեմբերից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագիծը: «Հայաստանի ձայնը» նախագիծը արմատապես տարբերվում է երաժշտական տաղանդներ փնտրող այլ մրցույթներից եւ շոուներից: Հզոր վոկալային տվյալներ. սա է «Հայաստանի ձայնը» նախագծում մասնակցության հնարավորություն ստանալու միակ չափորոշիչը: «Հայաստանի ձայնը» նախագիծը «Արմենիա» հեռուստաընկերության եւ Talpa Media ընկերության համատեղ արտադրանքն է:
|