Գլխավոր » 2013»Մարտ»10 » Եգիպտացի ֆուտբոլային երկրպագուները ավերում են Կահիրեն
00:14
Եգիպտացի ֆուտբոլային երկրպագուները ավերում են Կահիրեն
Եգիպտացի ֆուտբոլային երկրպագուներ, այսօր` մարտի 9-ին, Կահիրեում ներխուժել են ոստիկանության սպաների համար նախատեսված բնակելի համալիր եւ հրդեհել մի քանի շենքեր: Շատ շենքերում կոտրել են ապակիները:
Հարեւան շենքերի բնակիչները փորձել են ջրի ռետինե խողովակներով հանգցնել կրակը:
Մի քանի հարյուր երկրպագուներ շարունակել են ակցիան` ուղղվելով դեպի ՆԳՆ շենք, հաղորդում է LifeNews-ը:
Ինչպես նշում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, հրդեհվել է Եգիպտոսի Ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանը: Երիտասարդների խումբը ներխուժել է շենք եւ ավերածություններ գործել, այրելով հին առանձնատունը: Ֆեդերացիան հայտարարել է անորոշ ժամանակով իր ողջ ֆուտբոլային գործունեությունը դադարեցնելու մասին:
Եգիպտոսի իշխանությունները հրդեհները մարելու համար քաղաքացիական պաշտպանության ուղղաթիռներ են ուղարկել: Ողջ Կահիրեն ծածկված է սեւ ծխով:
Անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ Եգիպտոսի դատարանը ֆուտբոլի 21 ֆանատների նկատմամբ հաստատել է մահվան դատավճիռը, ովքեր առնչություն են ունեցել 2012-ի փետրվարին Պորտ Սայիդի մարզադաշտում արյունալի անկարգություններին: Այն ժամանակ այդ անկարգություններին զոհ էր գնացել 74 մարդ: