
Ռուսական «Յանդեքս» համացանցային ընկերությունն իր փոստային ծառայությունում ավելացրել է ստացված նամակի մասին անվճար SMS-ով ծանուցում ուղարկելու գործողությունը, որը հասցեատիրոջը թույլ կտա տեղեկանալ ստացված հաղորդագրության մասին: «Ձեր զրուցակիցը կարող է նամակին պատասխանել որտեղից կամենա, եւ բոլորովին էլ պարտադիր չէ բացել փոստարկղը եւ մուտքագրել լոգինը եւ գաղտնաբառը», - ասվում է «Յանդեքսի» մամուլի հաղորդագրության մեջ: Սակայն նամակը կարդալու համար հասցեատերը միեւնույն է պետք է համացանցից օգտվի. SMS-ում պարունակվում է ուղարկողի հասցեն եւ հղումը, որը բրաուզերում բացելով՝ կարելի է կարդալ նամակը եւ պատասխանել: Ընդ որում հասցեատերը պարտադիր չէ, որ «Յանդեքս փոստի» բաժանորդ լինի, հայտնում է Digit.ru-ն: Տվյալ գործառույթի ակտիվացման համար «Յանդեքս փոստի» բաժանորդը էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելիս պետք է գրի հասցեատիրոջ բջջային հեռախոսահամարը եւ նշի «հասցեատիրոջը նամակը ստանալուց հետո SMS-ծանուցում ուղարկելու» մասին համապատասխան կետը:
|