Խոշորագույն կիբերհարձակումը հանգեցրել է ինտերնետի աշխատանքի դանդաղեցման Երկրի տարբեր մասերում: Փորձագետները դա անվանել են պատմության ընթացքում ամենալայնածավալ հարձակումներից մեկը:
Հաքերային հարձակումը սկսվել է մարտի կեսերին եւ աստիճանաբար տարածվել է: Մարտի 27-ին DDoS-հարձակման հզորությունը կազմել է 300 Գբ վայրկյանում, մինչդեռ 50 Գբ հզորությունը բավարար է խոշոր ֆինանսական կազմակերպության ենթակառուցվածքները շարքից հանելու համար:
Հարձակման պատճառը երկու խմբերի հակամարտությունն է` Լոնդոնում եւ Ժնեւում տեղակայված Spamhaus-ի եւ նիդեռլանդական Cyberbunker-ի: Առաջինները զբաղվում են սփամի դեմ պայքարով, երկրորդը` օգնում է օգտատերերին տեղեկություններ տարածել: Cyberbunker-ը մրցակիցներին մեղադրել է լիազորությունների չարաշահման մեջ` նշելով, թե նրանք իրավունք չունեն որոշել «ինչ տեղադրել եւ ինչ չտեղադրել ինտերնետում»: Spamhaus-ն իր հերթին մրցակիցն մեղադրել է Արեւելյան Եվրոպայի հանցավոր խմբավորումների հետ համագործակցության մեջ:
«Կասպերսկիի լաբորատորիայի» փորձագետ Վիտալի Կամլյուկի խոսքով, վարակված կայքերի թիվը հաշվվում է հարյուր հազարներով, եթե ոչ միլիոններով: