 Սոցիալական ցանցերի շարքում Twitter-ը առաջատար է նորությունների հավաքման եւ տարածման ոլորտում: Այդ առումով այն գերազանցում է facebook-ին, որտեղ նորությունները հայտնվում են ոչ այքան արագ, փոխարենը ավելի խորը վերլուծության են ենթարկվում: Նման եզրակացություններ է պարունակում լրագրության մեջ սոցիալական ցանցերի նշանակության մասին զեկույցը, որը պատրաստել է Լոնդոնի էկոնոմիկայի եւ քաղաքագիտության դպրոցի (LSE) «Մեդիա եւ հասարակայնության հետ կապեր» ֆակուլտետի հետազոտական կենտրոնը: Այնուհետեւ հեղինակները օրինակ են բերում BBC-ի թղթակիցներին, ովքեր ասում են, որ սոցիալական ցանցերն ամբողջությամբ փոխել են իրենց աշխատանքը: «Ես աշխատանքի չեմ վերցնում մարդկանց, ովքեր չեն կարողանում օգտվել Twitter-ից»,- հայտարարել է BBC-ում երեկոյան լուրերի թողարկման խմբագիր Ջոաննա Քարը, հաղորդում է Wallblog կայքը: Լրագրողները նշում են, որ լուրերի 50-80 տոկոսն իրենք գտնում են սոցիալական ցանցերից, մինչդեռ նախկինում նրանք էին հենվում լրատվական գործակալությունների լուրերի վրա:
|