
Ճապոնացի ոստիկանները հայտնել են փետրվարի 10-ին խորհրդավոր կիբերհանցագործին բռնելու մասին, որը նախորդ տարվա օգոստոսից իրենց հետ «մուկն ու կատու» էր խաղում: Անցած ամռանը մի քանի ընկերություններ էլեկտրոնային փոստով 13 սպառնալից հաղորդագրություններ էին ստացել: Հասցեատերերի թվում էին եղել Կոմիքսների փառատոնը եւ մանկապարտեզը, որտեղ հաճախում է Ճապոնիայի կայսեր կրտսեր ժառանգորդը՝ արքայազն Հիսահիտոն: Ձերբակալվել էր չորս մարդ, որոնց համակարգիչներից ուղարկվել էին սպառնալիքները: Սակայն որոշ ժամանակ անց լրատվամիջոցներն սկսել էին նամակներ ստանալ հաղորդագրությունների իսկական հեղինակից, որը ոստիկանության աշխատակիցներին շնորհակալություն էր հայտնում իրեն պատճառած հաճույքի համար: Պարզվել է, որ բոլոր ձերբակալվածների համակարգիչները նախապես վարակված են եղել ինչ-որ վիրուսով, իսկ այնուհետեւ առանց տերերի ծանուցման նրանց էլեկտրոնային հասցեներից սպառնալիքներով տարբեր նամակներ էին ուղարկվել: Խորհրդավոր անծանոթը տեղեկացրել էր, որ մոտ ժամանակներս ծրագրում է ինքնասպանություն գործել: Նա հանելուկ էր առաջարկել, որը ճիշտ գուշակելուց հետո էկրանին կատվի լուսանկար էր հայտնվել: Նշվել էր կենդանու գտնվելու վայրը, նաեւ հաղորդվել էր, որ վզակապին որպես իրեղեն ապացույց` վիրուս պարունակող SD-քարտ է ամրացված, գրում է «Բիրժեվոյ լիդերը»: «ԱիՖ»-ը հայտնում է, որ ոստիկաններն իսկապես հայտնաբերել էին կատվին նշված հասցեում: Ավելին, ստուգելով տեղանքի հսկող տեսախցիկները` իրավապաները հայտնաբերել էին նաեւ կիբերահաբեկչի պատկերը, նրա մոտոցիկլի համարանիշը: Երիտասարդը ձերբակալվել է: Մասնագետներին հաջողվել է նրա համակարգչում հայտնաբերել կատվի պատկերով ֆայլեր եւ սպառնալիքների գործի հետաքննության ընթացքի վերաբերյալ մամուլի հրապարակումներ:
|