Հայտնաբերվել է օրգանիզմում ճարպակալումը կարգավորող գենը: Այս մասին հայտարարել են ճապոնացի գիտնականները: Տվյալ բացահայտումը կարող է օգնել ավելորդ քաշը կանխարգելող դեղորայքի ստեղծմանը: Բացահայտումն արել է Օսակայի Համալսարանի հետազոտողների խումբը`իմունոլոգիայի պրոֆեսոր Սիձուո Ակիրայի գլխավորությամբ:
Լաբորատոր պայմաններում, մկների վրա կատարված փորձարկումների արդյունքում նրանք հաստատել են, որ երիկամներում, փայծաղում եւ այլ օրգաններում կան իմունային բջիջներ, որոնք հայտնվում են հատուկ Trib1 գենի գործածության արդյունքում: Ինչպես պարզվել է` նրանք պատասխանատու են ոչ միայն իմունիտետի համար, այլ նաեւ ճարպակալման համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արգելափակված Trib1 գեն ունեցող մկների արյան մեջ բարձրացել է վնասակար խոլեստերինի պարունակությունը, շատացել է ճարպակալումը: Պրոֆեսոր Ակիրի խումբը համոզվել է, որ, դատելով ամեն ինչից, մարդու օրգանիզմում կատարվում է նույն գործընթացը: