Microsoft ընկերությունը մարտի 20-ին հայտարարել է Skype-ի՝ Windows Phone 8 օպերացիոն համակարգի համար նորացված տարբերակը թողարկելու մասին։
Skype-ի նորացված տարբերակն ունի HD-վիդեոյի եւ օպերացիոն համակարգին ներկառուցված՝ գրաֆիկական պրոցեսինգի սարքավորման արագացման համակարգի հնարավորություն։ Ընդհանուր առմամբ՝ Windows Phone 8-ի համար նոր Skype 2.4-ը բարելավել է վիդեոյի աշխատանքը, ինչը հատկապես նկատելի կլինի տվյալ պլատֆորմի տակ եղած սարքավորումների՝ ինչպես օրինակ՝ Nokia Lumia 920-ը, Samsung Ativ S-ն ու HTC 8X-ի տերերի համար։
Ինչպես հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան», նոր տարբերակում ավելացել են նաեւ նկարի պորտրետային եւ ալբոմային ռեժիմները եւ բարելավվել է աշխատանքի կայունությունը։
Microsoft-ը նաեւ վերականգնել է «Կոնտակտներ» բաժնին միանալու՝ ժամանակավորապես անջատված հնարավորությունը, ինչն օգտատերերին թույլ է տալիս զանգեր անել եւ ակնթարթային հաղորդագրություններ ուղարկել անմիջապես օպերացիոն համակարգի կոնտակտների ցանկից։ Windows Phone –ի համար Skype –ը դեռեւս չունի նոր գործառնույթի՝ տեսահաղորդագրությունների ուղղակի աջակցություն, սակայն Microsoft –ի՝ շարժական ՕՀ օգտագործողներն առաջվա նման կարող են նման հաղորդագրություններ ստանալ՝ չունենլով դրանք ուղարկելու հնարավորություն։