
Հայտնի երաժիշտ Սերժ Թանգյանը նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ շնորհավորելով հանդերձ, նշում է, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը վստահ չէ, որ ինքն ընտրվել է: Նամակում, մասնավրապես, ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցի, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ Ձեզ համար, պարոն նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ: Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը: Այլապես ես կտիրեի Հայաստանին եւ կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որեւէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դո՞ւրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացել է, ու նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչեւէ՝ ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ որ կերպով Դուք այժմ նորից նախագահ եք: Ի՞նչ է դա նշանակում Ձեր համար: Այո, Արցախը կարեւոր է բոլորիս համար, եւ պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում եւ աշխարհում: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամից: Օբաման թեկուզ հույս է խոստանում՝ չնայած որ հիասթափեցրել է բոլորիս: Տարիներ առաջ ես արշավանք սկսեցի՝ խնդրելով նախագահ Օբամային հետեւել իր խոստումին եւ ճանաչել Հայկական ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին եւ ներքին թշնամուց; Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ եւ պետք է պատժվեն: Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ, ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաեւ պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը եւ լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը որը անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական լինեն: Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաեւ որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն եւ հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության եւ անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք: Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել քան որեւէ այլ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր: Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով եւ նախագահական հրովարտակով: Միացրե՛ք մեզ: Ոգեւորե՛ք մեզ: Խնդրում եմ՝ ընդունե՛ք այս կոչը: Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար, Խաղաղություն, Սերժ Թանգյան»:
|