ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին նորից կվիրահատեն: Այս մասին ասաց անձամբ Պարույր Հայրիկյանը:
Նա տեղեկացրեց, որ աջ ձեռքի ցավերը չեն դադարում, նույնիսկ չեն օգնում ցավազրկող դեղամիջոցները, «աջ ձեռքս 100 տոկոսով հաշմանդամ է»:
Նախագահի թեկնածուն ասաց, որ նոր հետազոտություն են անցկացրել եւ պարզվել է, որ հրազենային կրակոցից «ճղվել է» նյարդային համակարգը, նյարդերը վնասվել են, խառնվել են իրար: «Քիչ առաջ ինձ ասին, որ էս է վիճակը եւ շատ լուրջ վիրահատական միջամտություն է պետք, այն էլ Հայաստանում ոչ ոք անել չի կարողանում»,- նշեց նա` հավելելով, որ ոչ միայն մասնագետների խնդիրն է, այլեւ տեխնիկական հնարավորություններ չունեն:
Պարույր Հայրիկյանը առողջական բոլոր հարցերի լուծումը թողել է բժիշկների հայեցողությանը, ունի մի քանի հրավերներ Հոլանդիայից, ԱՄՆ-ից, բայց կլսի նրանց որոշումը: Առաջիկա օրերին բժիշկները կքննարկեն նրա առողջական վիճակի հետ կապված հարցեր, մասնավորապես` որտեղ, երբ եւ ինչպես վիրահատել եւ կհայտնեն նրան: Ամեն դեպքում, Պարույր Հայրիկյանը պատրաստ է լսել բժիշկներին եւ անհրաժեշտության դեպքում մեկնել արտերկիր վիրահատության: «Ես պետք է հետեւեմ իրենց խորհրդին»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ հնարավոր է անհրաժեշտություն լինի հենց մյուս շաբաթ մեկնելու արտերկիր եւ վիրահատվել:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: