 Մուլտֆիլմերի հերոսների գալա-շքերթ, նորաձեւության ցուցադրություն եւ հրավառությամբ շոու. այս ամենը տեղի է ունեցել Փարիզի Դիսնեյլենդի 20-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակում: Buro 24/7-ի փոխանցմամբ, տոնակատարությունը եզրափակվել է Designers of Dreams նորաձեւության ցուցադրությամբ: Ամբողջ աշխարհից դիզայներները Disney-ի աշխարհի հեքիաթային հերոսների համար զգեստներ են կարել: «Ալիսան հրաշքների աշխարհում» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհու զգեստը կարելու համար 9 մետր կտոր է ծախսվել: Երեկոյի գլխավոր հերոսուհուն՝ Մինի Մաուսին հագցնելու պատիվը բաժին է ընկել Ալբեր Էլբազին: Նա հերոսուհու համար շքեղ կապույտ երանգով զգեստ է կարել՝ բյուրեղապակե նախշերով: Հիշեցնենք, որ զվարճությունների փարիզյան այգին հիմնադրվել է 1992 թվականին: Ամբողջ 2012-ի ընթացքում Դիսնեյլենդում նոր ծրագրեր, շքեղ շոուներ են անցկացվել, բացվել են նոր ատրակցիոններ: Սակայն տոնակատարությունները գագաթնակետին հասան այս տարվա գարնանը: 







|