
Այն մասին, որ ''Կարգինի'' տղաները` Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը, բաժանվում են, առաջին անգամը չէ, որ լսում ենք: Սակայն վերջերս տղաներն ավելի հաճախ են առանձին ներկայանում, ինչը կրկին տարատեսակ խոսակցությունների առիթ է տվել: Հիմա ի՞նչ, Հայկոն ու Մկոն իսկապե՞ս բաժանվում են, թե՞... Հարցի վերջնական պատասխանը ստանալու համար ''Ժողովուրդ''-ի թղթակիցը դիմել է Մկրտիչ Արզումանյանին, ով պարզաբանել է. ''Մենք շատ երկար տարիներ միասին աշխատել ենք ու դեռ շատ բան ունենք միասին անելու: Պրոյեկտներ կան, որտեղ ես ինձ չեմ պատկերացնում, դրա համար էլ չեմ մասնակցում, եթե Հայկին հարմար է, ինքն է մասնակցում: Կլինեն տարբեր նախագծեր, որտեղ միայնակ հանդես կգանք` առանձին-առանձին, բայց դա չի նշանակում, որ մենք դադարել ենք միասին աշխատել'': Մկոն հերքել է նաև լուրերն այն մասին, որ իր և Հայկի միջև կոնֆլիկտ է ծագել. ''Ի՞նչ կոնֆլիկտ, նման բան չի եղել: Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքները, մոտ ապագայում էլ նոր ծրագրեր ունենք, որոնք կներկայացնենք: Ես կարծում եմ` նման խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Հայկը մեր գործերով գնացել էր Ամերիկա: Հիմա Հայկն այստեղ է, ինչպես տեսնում եք, կրկին նկարահանվում ենք: Հավատացնում եմ` ոչ մի խնդիր չունենք'':
|