ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման էլ է հաքերների զոհ դարձել. Ցանցում հրապարակվել են ամերիկյան նախագահի տիկնոջ գաղտնի տվյալները:
Չարագործները հրապարակել են նրա վարկային գործարքների հաշվետվությունը, սոցապահովագրման համարը, հասցեները եւ հեռախոսահամարները: Վաշինգտոնում առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը, բայց Լոս Անջելեսի ոստիկանությունն արդեն սկսել է հետաքննությունը, քանի որ ցուցակում քաղաքի ոստիկանության պետերից մեկի անձնական տվյալներն էլ են եղել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Վերջերս հաքերական հարձակման զոհ էին դարձել նաեւ ամերիկացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, նաեւ՝ աստղեր: Մասնավորապես, հաղորդվել էր, որ SU դոմենով կայքում հրապարակվել են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, երգչուհի Բրիթնի Սփիրսի, դերասաններ Էշթոն Քաթչերի, Մել Գիբսին եւ այլոց անձնական տվյալները:
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ կայքի հղումը տեղակայվել էր Twitter միկրոբլոգում՝ անգրագետ ռուսերենով արված գրառման հետ:
SU դոմենը գրանցվել էր 1991թ. Խորհրդային Միության համար, բայց առայսօր շարունակում է կիրառվել: