Բելգիայի եւ Ռուսաստանի գիտնականները իխտիոզավրի մնացուկներն ուսումնասիրելուց հետո որոշել են այն անվանել Leninia stellans, ինչը թարգմանաբար նշանակում է «փայլող Լենին», գրված է Geological Magazine ամսագրի հոդվածում։ Նման անվանումը ցուցանմուշի հայտնաբերման վայրի՝ Լենինի հայրենիքի պատվին է։
Այդ կենդանու մնացուկները գտնվել են Վոլգայի ափին, Սենգիլեւյան պալեոնթոլոգիական սրբավայրի տարածքում, կավճե դարաշրջանի նստվածքներում։ Գիտնականների գնահատականով՝ մնացուկների տարիքը մոտավորապես 120 միլիոն տարի է։
Մասնավորապես հայտնաբերվել է սողունի բավականին մեծ գանգը, որը տվյալ պահին գտնվում է Ուլյանովյան երկրաբանական շրջանային թանգարանում, հաղորդում է KM.RU-ն։
Գիտնականների խոսքով, Leninia stellans իխտիոզավրը 5-6 մետր երկարություն է ունեցել եւ որս է արել մեծ խորություններում՝ սուզվելով մինչեւ 500 մետր։ Չի բացառվում, որ այն տաքարյուն կենդանի է եղել։ Հետազոտողների ուշադրությունը գրավել են նաեւ Leninia stellans-ի ատամները. դրանք շատ թույլ են, մանր ու տեղակայված են ողջ ծնոտի երկայնքով։ Ամենայն հավանականությամբ, այս սողունը սնվել է փափկամորթներով ու մանր ձկներով։