
Երեկ՝ մարտի 5-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է երիտասարդ իրանցին՝ Ռ.Շեյխալիզադեն, ում անգիտակից վիճակում օրեր առաջ ՝ մարտի 2-ին տեղափոխել էին հիվանդանոց եւ պարզվել էր, որ աղիներում տասնյոթ թմրանյութի գունդ էր հայտանբերվել: Հիվանդանոցի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա երեկ ժամը 23-ի սահմաններում մահացել է ԲԿ-ի սուր թունավորումների բաժանմունքում: Առայժմ չի մանրամասնվում, թե ինչ պատճառներով է մահը վրա հասել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո միայն պարզ կլինի: Հիշեցնենք, որ ավելի վաղ հղում անելով իր աղբյուրներին՝ գրել էր, որ մարտի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նույն օրը անգիտակից վիճակում այս բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել Հայաստանում բնակվող իրանցի մի երիտասարդ: Վերջինիս աղիների լվացում են արել, ինչի արդյունքում նրա աղիից հանվել է տասը սպիտակավուն գնդիկ, մեկ օր անց եւս յոթը: Պարզվել էր, որ այդ գնդիկներում փաթեթավորված թմրանյութ է եղել: Այս կերպ թմրանյութը օրգանիզմում պահելը սովորաբար ողբերգական ավարտ է ունենում, սակայն բժիշկներն ամեն ինչ անում էին, որ երիտասարդի կյանքը փրկեն: Ոստիկանությունից եւս հաստատել էին, որ նման ահազանգ ստացել են, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
|