
Արյունածուծ միջատներին վախեցնող առավել հայտնի ԴԷՏԱ վանող նյութերն այլեւս այնքան էլ արդյունավետ չեն: Մոծակների դեմ առավել հայտնի միջոցներից են ԴԷՏԱ-ն, «Օֆֆ»-ը, «Ռապտոր»-ը, «Կոմարեկս»-ը, «Մոսկիտոլ»-ը եւ այլն: Դիետիլտոլուամիդի հիմքով ԴԷՏԱ ռեպելենտային բաղադրությունը երկար ժամանակ համարվել է մոծակների դեմ ազդեցիկ միջոց, սակայն ռեպելենտի աշխատանքի սկզբունքը մինչեւ վերջ չի ուսումնասիրվել: Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի գիտնականների վերջերս կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ մոծակներին պարզապես դուր չի գալիս նյութի հոտը, բայց ժամանակի ընթացքում նրանք սկսում են դիմադրել նյութին: «Քիմիական նյութի առաջին ազդեցության ընթացքում փոխվում են նրանց շնչառական համակարգները եւ ԴԷՏԱ-ի հոտը շնչելու ունակությունը, ինչը նվազեցնում է նրա արդյունավետությունը: Մոծակները շատ արագ են էվոլյուցիայի ենթարկվում»,- պատմել է հետազոտող Ջեյմս Լոգանը: Ինչպես գրում է «Գազետա,ռու»-ն, դիետիլտոլուամիդը, որը հանդիսանում է ԴԷՏԱ-ի ռեպելենտային հիմնական բաղադրությունը եւ իրենից ներկայացնում է N,N-դիետիլ-մետա-տոլուամիդի քիմիական միացություն, մշակվել է 1946 թվականին մեծ քանակությամբ միջատներ ունեցող տարածաշրջաններում անձնակազմի պաշտպանության համար։ ԱՄՆ-ում1957-ին գրանցվել է քաղաքացիական գործածության համար։ Շուկայում անհատական օգտագործման ռեպելենտների կազմում այն գոյություն ունի 1965 թվականից։
|