
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկել է Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի Կասպերսկիի ակադեմիայի «Cyber Security for the Next Generation» ուսանողական կոնֆերանսը, որի ընթացքում կներկայացվեն ցանցային անվտանգության թեմայով ուսանողական մի քանի աշխատություններ: Կոնֆերանսին մասնակցող 14 ուսանողներից եւ ասպիրանտներից 10-ը ներկայացնում են Հայաստանը (7-ը՝ ՀՊՃՀ-ից, մեկական ուսանող Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտից, Եվրոպական ակադեմիայից եւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից), մնացածը՝ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը: Երեք լավագույն աշխատանքները կպարգեւատրվեն 1000, 750 եւ 500 դոլար մրցանակներով: Ոգեւորող մրցանակներ են սահմանել Հայաստանում «Microsoft»-ի ներկայացուցչությունը եւ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը: «Kaspersky Lab»-ի տարածաշրջանային փորձագետ Սերգեյ Գոլովանովը նշել է, որ ընկերությունն ուշադրություն է դարձնում ուսանողական աշխատանքներին, իսկ դրանցից լավագույնները կարող է օգտագործել իր արտադրանքներում: «Նման նախադեպեր մենք ունեցել ենք, եւ դա վերաբերում է ոչ միայն մեր մասնակիցներին: Մեր դռները բաց են բոլորի համար, եթե մեզ մոտ խելացի երիտասարդություն է գալիս, ցույց տալիս գիտելիքները, ապա մենք պատրաստ ենք իր հետ աշխատել», – հավելել է նա: Կոնֆերանսում ներկայացված ուսանողների նախագծերը վերաբերում են թեստավորման հիման վրա սպառնալիքների վերլուծությանը, ցանցային անվտանգությանը՝ բովանդակության սահմանափակման միջոցով, մատնահետքերի միջոցով նույնականացման գործիքին, սոցցանցերում տեղեկատվության անվտանգությանը:
|