
Երեւանում մարտի 1-ից 3-ը կայանալու են Ճապոնիայի յուրահատուկ օրեր. Ցանկացողները կարող են ավելին իմանալ իկեբանայի եւ սումի-է արվեստի մասին, կմասնակցեն թեյի արարողությանը: Ինչպես հայտնել է «Խիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, վարպետության դասերը կվարի Յամադա Միդորին: Բացումը տեղի կունենա մարտի 1-ին, ժամը 18-ին` Հայաստանի նկարիչների միության շենքում: Նշենք, որ Յամադա-սանն առաջին անգամ չէ Հայաստանում, անցած տարի նա իկեբանայի, թեյի արարողության եւ սումի-է-ի եռօրյայի կուրս է անցկացրել: Սումի-էն ճապոնական նկարների արվեստն է, այն նաեւ անվանում են սույբոկուգա, դա սեւ-սպիտակ գեղանկարչությունն է` կատարված սեւ տուշով: Արվեստը հայտնվել է Ճապոնիայում, 13-րդ դարի կեսերին եւ եկել է Չինաստանից:
|