
Լրատվամիջոցները հաղորդում են Եգիպտոսի Լուքսոր քաղաքում զբոսաշրջիկներով լի օդապարիկի վայր ընկնելու դեպքի մանրամասները: Օդապարիկում բոլոր գտնվողները բազմաթիվ վնասվածքներ են ստացել եւ գտնվում են ծանր վիճակում: Օդապարիկի վայր ընկնելու հետեւանքով կենդանի է մնացել ընդամենը երեք մարդ: Նրանք ներկայումս ուղղաթիռով տեղափոխվել են Կահիրեի հիվանդանոցներից մեկը, հաղորդում է NBC հեռուստաալիքը` վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարար Մուհամեդ Մուստաֆա Համեդին: Նրա խոսքով` բժիշկներն ամենից շատ անհանգստանում են օդապարիկը վարողի կյանքի համար, ում մարմնի 70 տոկոսն այրվել է: Ականատեսները պատմել են, որ մարդիկ դուրս էին թռչում մոտ 20 մետրի բարձրության վրա գտնվող այրվող օդապարիկից: Օդապարիկի ծառայություններ մատուցող օպերատոր ընկերության ներկայացուցիչ Ահմեդ Աբուդը հայտարարել է, որ օդապարիկը վայր ընկել 300 մետր բարձրությունից: Օդապարիկում եղել է 21 մարդ: 14 զոհերի կեսը եղել են Հոնգկոնգի բնակիչներ, իսկ մնացածը` զբոսաշրջիկներ Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից: Եվս 4 մարդ համարվում է անհետ կորած: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եգիպտոսի հարավում գտնվող զբոսաշրջային Լուքսոր քաղաքում ընկել է զբոսաշրջիկներով օդապարիկը: Ողբերգությունը տեղի է ունեցել լուսաբացին, երբ օդապարիկը թռչում էր հին քաղաքի վրայով: Անհայտ պատճառներով, օդապարիկն այրվել է 300 մետր բարձրության վրա: Ենթադրաբար, այրման պատճառը գազի պայթյունն է եղել, որն օգտագործվում է որպես օդապարիկի վառելիք:
|