Դատարանը 18-ամյա ամերիկացի Օսթին Ուեյլիին արգելել է առաջիկա վեց ամսվա ընթացքում արտաբերել «բինգո» բառը: Երիտասարդին զգուշացրել են, որ եթե նա խախտի արգելքը, նրան կրկնակի մեղադրանք կառաջադրեն, եւ այն ժամանակ նա կարճ ժամանակով կբանտարկվի եւ տուգանք կվճարի: Ուեյլին հայտարարել է, որ իրեն ձեռնտու է դատարանի կայացրած վճիռը:
Օսթին Ուեյլին դատարանում էր հայտնվել ընկերների հետ Քենտուքի նահանգի Քովինգթոնում բինգոյի խաղասրահ ներխուժելուց եւ «Բինգո» բղավելուց հետո: Բացականչությունը խաղը մի քանի րոպեով ընդհատել էր, քանի որ այցելուները որոշել էին, որ ինչ-որ մեկն իսկապես հաղթել է եւ խաղն ավարտված է, հայտնում է lenta.ru-ն:
Խաղասրահի ոստիկանները ձերբակալել էին Ուեյլիին եւ տարել բաժին: Երիտասարդին մանր խուլիգանության մեղադրանք էր ներկայացվել: