
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ իր մշտական մրցակից, Apple-ի հանգուցյալ ղեկավար Սթիվ Ջոբսը միշտ էլ «իրենից ավելի «զիլ» եւ հնարամիտ է եղել»: Ամերիկյան Colbert Report թոք-շոուի հաղորդավար Սթիվեն Քոլբերտը հարցրել է. «Բոլորն անընդհատ խոսում են այն մասին, թե ինչ «թույն» տղա էր Սթիվ Ջոբսը, դա Ձեզ չի՞ նյարդայնացնում»: Գեյթսը պատասխանել է. «Ամեն ինչ կարգին է: Նա միշտ էլ ինձնից «զիլ» է եղել»: Նա նաեւ հավելել է, որ Ջոբսը փայլուն անձնավորություն էր՝ սեփական ոճով եւ մոտեցմամբ, գրում է CNews-ը: Ջոբսի կենդանության օրոք IT երկու հսկաների հարաբերություններն այնքան էլ հարթ չեն եղել: Ջոբսի կենսագիր, The Time-ի նախկին խմբագիր Ուոլտեր Այզեկսոնն անգամ պնդում է, որ Ջոբսն ատում էր Բիլ Գեյթսին: Կենսագիրը մի դրվագ է պատմում Windows-ի թողարկումից հետո նրանց հանդիպումից: «Դուք կողոպտում եք մեզ, - բղավել է Ջոբսը: - Ես Ձեզ վստահում էի, իսկ այժմ Դուք մեզ կողոպտում եք»: Ի պատասխան Գեյթսը հանգիստ նշել է. «Դե ինչ, Սթիվ, կարծում եմ կատարվածը կարելի է դիտել այլ տեսանկյունից: Իրավիճակն ավելի շուտ այսպիսին է. մենք հարուստ հարեւան ունեինք Xerox անունով: Երբ ես նրա տուն սողոսկեցի հեռուստացույցը գողանալու, պարզվեց դու արդեն այն գողացել ես»: Սակայն ավելի ուշ, երբ Ջոբսի առողջությունը վատթարացել էր, նրանք իրար հետ ավելի բարեկամաբար էին շփվում եւ անգամ համագործակցում էին բարեգործական հարցերում: Ջոբսի մահից մի քանի ամիս առաջ Գեյթսը տեսակցել էր նրան:
|