
Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում պատմել է, թե ինչպես են ընթանում լեգենդար խորտակված նավի կկնօրինակ «Տիտանիկ II»-ի շինաշխատանքները: Նա հայտնել է, որ իրեն այդ նավով մեկ միլիոն դոլարով ճանապարհորդել ցանկացողներ են դիմել: «Տիտանիկ II»-ը ծով դուրս կգա 2016թ.: Մեծ Բրիտանիայից ԱՄՆ վեցօրյա ճանապարհորդությունը ենթադրում է «Տիտանիկի» երթուղու կրկնություն, սակայն՝ հաջող ելքով: Զբոսանավի երկարությունը կլինի 270 մ, զանգվածը` 40 հազար տոննա, նավը կունենա 850 խցիկներ: «Տիտանիկ II»-ը կտեղավորի 2,6 հազար ուղեւորի, որոնց կսպասարկեն անձնակազմի 900 անդամներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նավը կունենա 18 փրկարարական մակույկ: Արտաքին տեսքով նավը չի տարբերվելու լեգենդար նախատիպից, սակայն դրա լիակատար կրկնօրինակը չի լինի: Այստեղ ժամանակակից հարմարություններ կլինեն: Ուղեւորները կստանան XX դարասկզբի հագուստներ: Փալմերը հրաժարվել է բացահայտել շինարարության արժեքը, որն իրականացվելու է չինական Jinling Shipyard նավաշինական ընկերությունում: Ըստ ամերիկյան Forbes ամսագրի` ավստրալացի գործարարի կարողությունը 2012թ. կազմել էր 795 միլիոն դոլար: Ըստ այլ վարկածների` այն գերազանցում է 6 միլիարդ դոլարը:
|