
Apple ընկերությունը համաձայնել է վերադարձնել ամերիկացի ծնողների փողերը, որոնց երեխաները առանց թույլտվության բավական գումարներ են ծախսել բջջային հավելվածների վրա: Apple-ի դեմ հայց էր ներկայացվել 2011թ. գարնանը: Հայցվորները ընկերությանը մեղադրել էին, որ App Store համացանցային խանութի բազմաթիվ անվճար խաղեր թույլ են տվել փողեր ծախսել վիրտուալ զանազան ապրանքների գնման համար, ընդ որում՝ չպահանջելով ոչ մի գաղտնաբառ, եւ երեխան կարող էր նշանակալի գումար ծախսել հաշվից, չգիտակցելով, որ իրական փողեր է ծախսում: Որպես փոխհատուցում՝ Apple-ն առաջարկել է տուժած օգտվողներին iTunes Store -ում հինգ դոլարի կրեդիտ տրամադրել: Եթե կորցրած գումարը գերազանցում է 30 դոլարը, ընկերությունն ամբողջությամբ փողերը կվերադարձնի օգտվողի հաշվին: Ըստ Reuters գործակալության տվյալների` Apple-ը փոխհատուցումների համար ընդհանուր առմամբ կարող է ծախսել 100 միլիոն դոլար: «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ 2011թ. Apple-ը փոփոխություններ էր կատարել iOS օպերացիոն համակարգում, որով աշխատում են iPhone-ը եւ iPad-ը, դժվարացնելով առանց լիցենզիայի գնումները. յուրաքանչյուր փորձի դեպքում համակարգը պահանջում էր օգտվողի գաղտնաբառը: Սակայն այդ փաստարկը Apple-ին դատարանում չի օգնել, նշում է AppleInsider կայքը:
|