Մաստակը թարմացնում է շնչառությունը, բայց կարող է նպաստել քաշի ավելացմանը: Դա պայմանավորված է նրանով, որ մաստակի սիրահարները առավել շատ են հակված բարձր կալորիականությամբ քաղցր մթերքներ օգտագործելուն եւ նվազ քանակությամբ մրգեր եւ բանջարեղեն են ուտում (Մաստակը մենթոլի հաշվին ազդում է որոշակի ռեցեպտորների վրա եւ դրանց տհաճ համ հաղորդում), գրում է The Daily Mail-ը:
«Դա նույնն է, եթե ատամները լվանալուց հետո նարնջի հյութ ըմպեք: Համը տհաճ է դառնում: Մեզ նաեւ հետաքրքրում է, թե արդյոք դա ազդում է քաշի նվազման վրա» - գրում է Օհայոյի համալսարանի հետազոտության համահեղինակ Քրիսթին Սվոբոդան: Նրա եւ Նյու Յորքի Բուֆալո համալսարանի գործընկերուհու ձեռնարկած փորձին 44 կամավորներ են մասնակցել: Ամփոփիչ թեստի ընթացքում նրանք մաստակ են ծամել, այնուհետեւ նրանց առաջարկվել է որոշակի սննդամթերք ընտրել, հայտնում է rbc-ն:
Ըստ մասնագետների` նախքան խաղը փորձի մասնակիցները մրգային կամ անանուխի մաստակ են ծամել: Անանուխի մաստակ ծամողներն ավելի հազվադեպ են մրգեր եւ բանջարեղեն ընտրել` նախապատվություն տալով անառողջ սննդին (քաղցրավենիք, չիփս): Փորձի երկրորդ փուլում մասնակիցներին առաջարկվել է սննդային օրագիր վարել եւ գրել, թե օրվա ընթացքում ինչով են սնվել: Մեկ շաբաթ անց նրանց խնդրել են ամեն անգամ ուտելուց առաջ անանուխի մաստակ ծամել: Պարզվել է, որ մաստակի սիրահարներն ավելի քիչ են սնունդ ընդունում, սակայն դա չի նպաստում քաշի նվազմանը, քանի որ նախընտրում են բարձր կալորիականությամբ անառողջ սնունդ: