Google ինտերնետ ընկերությունը 7 մլն դոլարի տուգանք կվճարի Street View ծառայության վրա աշխատելիս օգտատերերի տվյալներն անօրինական հավաքելու համար: Ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ամերիկյան իշխանությունների հետ:
Դեռեւս 2010-ին հայտնի էր դարձել, որ Google հատուկ ավտոմեքենաները, որոնք լուսանկարներ են անում Street View ծառայության համար, մի քանի տարի շարունակ անօրինականորեն տեղեկատվություն են հավաքել չպաշտպանված Wi-Fi ցանցերից: ԱՄՆ-ում դա հետաքննության առարկա էր դարձել Հաղորդակցությունների դաշնային հանձնաժողովի (Federal Communications Commission, FCC) կողմից:
Նախորդ տարվա ապրիլին FCC-ն տուգանել էր Google-ին 25 հազար դոլարի չափով՝ այդ միջադեպի հետաքննությանը խոչընդոտելու համար:
ԱՄՆ 38 նահանգների հետ ձեռքբերված համաձայնության համաձայն՝ Google-ը բացի տուգանքը վճարելուց, պարտավորվել է ոչնչացնել էլեկտրոնային հասցեներն ու գաղտնաբառերը, որոնք նա ստացել է 2008-2010 թվականների ընթացքում: