
Inspiration Mars Foundation մասնավոր ընկերությունը մտադիր է հինգ տարի հետո իրականացնել մարդու առաջին թռիչքը Մարս: Ընկերության հիմնադիր, առաջին տիեզերական զբոսաշրջիկ եւ ամերիկացի միլիոնատեր Դենիս Տիտոն հայտնել է, որ տղամարդու եւ կնոջ թռիչքը Կարմիր մոլորակ նախատեսված է 2018թ. հունվարի 5-ին, այն կտեւի 501 օր: Ենթադրվում է, որ միջմոլորակային օդանավը բաղկացած կլինի ուղեւորական եւ ծառայողական մոդուլերից: 2018թ. օգոստոսի 20-ին այն Մարսից 160 կմ հեռավորության վրա կգտնվի, հետո Երկիր կվերադառնա 2019թ. մայիսի 21-ին: Այդ ժամանակահատվածում Երկիրը եւ Մարսն առավելագույնս մոտեցած կլինեն: Նախագիծը ֆիանանսավորվում է Տիտոյի անձնական միջոցներից, նվիրատվություններից եւ բարեգործական հիմնադրամներից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ փորձագետների` նախագծի իրականացման համար անհրաժեշտ է առնվազն մեկ միլիարդ դոլար: Դենիս Տիտոն նախազգուշացրել է, որ անձամբ չի պատրաստվում Մարս թռչել, սակայն ցանկանում է տեսնել դեպի Կարմիր մոլորակ պատմական թռիչքը, այնինչ ՆԱՍԱ-ն այն մտադիր է իրականացնել միայն 2030-ականների սկզբին: «Ես չեմ կարող այդքան երկար սպասել», - ասել է 72-ամյա միլիոնատերը: Անկախ փորձագետները կարծում են, որ Տիտոյի մտահղացումն անիրականանալի է մի քանի պատճառներով: Նրանք կասկածում են, թե կհաջողվի հավաքել անհրաժեշտ միջոցները եւ նշում են, որ դեպի Մարս թռիչքն ապահովող տիեզերանավեր եւ շարժիչներ ներկայումս պարզապես չկան: 2001թ. Տիտոն դարձել էր պատմության մեջ առաջին տիեզերական զբոսաշրջիկը: Տիեզերքում գտնվելու համար նա վճարել էր 20 միլիոն դոլար: Ուղեւորությունը տեւել էր ութ օր, որոնցից վեցը Տիտոն անցկացրել էր Միջազգային տիեզերակայանում, ուր հասել էր ռուսական «Սոյուզ» տիեզերանավով:
|