Ադրբեջանցի հայտնի երգչուհի Ռաքսանա Իսմայիլովայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել (ԱՊՀ երկրների տարածքում):Ադրբեջանական Vesti.az կայքը տեղեկացնում է, որ Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ դիմել են ոստիկանություն և պնդում են, որ 1979 թ-ին ծնված Ռաքսանան իրենց խաբել ու դրամ է կորզել: Vesti.az-ի հաղորդմամբ՝ երգչուհու առաջին «զոհը» Բինագադիի շրջանի մի բնակչուհի է. 2010թ-ին Ռաքսանան (Ուսանողների ընդունելության պետական հանձնաժողովում աշխատելու ժամանակ) «գործարք էր կնքել» կնոջ հետ. 5 000 մանաթ էր (մոտ 6500 դոլար) վերցրել նրանից ու խոստացել, թե նրա աղջկան բժշկական տեխնիկում է ընդունելու… խոստումը շուտով դրժել էր ու դարձել «անհասանելի». կնոջ բոլոր հեռախոսազանգերին պատասխանել էր երգչուհու պրոդյուսերը՝ ասելով, թե Ռաքսանան «շատ զբաղված է և չի կարող խոսել»: 2012թ-ին, կինը ի վերջո «բռնացրել էր» Ռաքսանային. երգչուհին 5 000 մանաթից ընդամենը 200 էր վերադարձրել… Երգչուհու հաջորդ «զոհը» Սամեդովա Տարան է. նա պայմանագիր էր կնքել երգչուհու հետ՝ նրան պատկանող հողատարածքը գնելու վերաբերյալ: 27 հազ. մանաթ (մոտ 29 հազ. ամերիկյան դոլար) գումարը փոխանցել էր Ռաքսանայի բանկային հաշվին…, հողատարածքի սեփականության փաստաթուղթը, սակայն, առ այսօր չի ստացել… Կինը մեկ տարի համբերել էր, երբ երգչուհին հայտարարել էր, որ չի վերադարձնելու գումարը, դիմել էր ոստիկանություն:
|